Հայաստան-Մակեդոնիա` 0:5․ Աննպատակ նպատակներ

Հայաստանի ազգային ընտրանին նախավերջին խաղն անցկացրեց Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում, հինգ գոլ ընդունեց Մակեդոնիայից ու պարտվեց: Փաստացի Կապառոսի սաները կորցրեցին երկրորդ տեղը զբաղեցնելու բոլոր հնարավորությունները: Կայացած ինը տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր ու առավելագույնը կարող է եւս երեքն ավելացնել:

Այնքան, որքան պետք է լիներ

Մեծ հաշվով, եթե թիմը չունի այն ռեսուրսն ու հնարավորությունները, որոնք կարող են թույլ տալ մտածել կոնկրետ եւ մեծ խնդիրներ լուծելու մասին, ապա տարբերություն չկա երեք խաղ հաղթել ես սկզբում, մրցաշարի միջնամասում, թե վերջում: Ընթացիկ փուլում Հայաստանը հաղթեց առաջին երեքում, բայց վերջում ցույց տվեց գրեթե նույն արդյունքը, ինչ նախորդ մրցափուլերում:

Կապառոսը

Մի պահ թվում էր՝ Կապառոսը վերահսկում է իրավիճակը եւ թույլ չի տա կտրվել իրականությունից, սակայն ընթացքը հակառակը ցույց տվեց: Նույնիսկ փորձառու իսպանացին տրվեց գայթակղությանը: Ինքն իհարկե դա չի խոստովանի: Մնում է հասկանալ, թե ինչ որոշում կկայացնի նա ընտրական փուլի ավարտից հետո: Հիշեցնենք, այս ընթացքում նա եւս մեկ տարով երկարաձգեց պայմանագրի ժամկետը՝ մեկ միլիոն եվրոյից ավելի աշխատավարձով: Արդարացնում է նա սպասելիքները, թե ոչ դատեք ինքներդ: Մնում է փաստել՝ խնդիրն ամենեւին իսպանացու կամ հայի մեջ չէ, այն այլ տեղ է ու շատ խորը:

Ազգերի լիգա

Առջեւում Ազգերի լիգայի խաղարկությունն է: «Շնորհիվ» Կապառոսի Հայաստանի ընտրանին խաղալու է ավելի բարձր դիվիզիոնում ու ավելի բարդ մրցակիցների հետ՝ «պատմական արդյունք» գրանցելուց հետո, մինչդեռ նույն Մակեդոնիան կամ Վրաստանը ներկա պահին Եվրո դուրս գալու ավելի լավ հնարավորություններ ունեն:

Չեղածը՝ պատմական նվաճում

Երբ չկա կոնկրետ նպատակ ու դրան հասնելու համապատասխան ստրատեգիա, ստացվում է նման տխուր պատկեր: Լինում է այսպես, երբ գրանցված որևէ դրական արդյունք փորձ է արվում ներկայացնել որպես օրինաչափություն ու գործողությունների տրամաբանական ընթացք: Լինում է այսպես, երբ պարզապես չես նկատում խնդիրներն ու դրանց լուծում գտնելու փոխարեն, էժանագին շոուներով ու կլիպներով չեղածը մատուցում ես որպես պատմական նվաճում:

Ինչ անել

Նայել իրականության աչքերին ու վերջապես հասկանալ, որ Հայաստանի ընտրանին այս պահին ու մոտ ապագայում պարզապես չի կարող լինել Եվրոպայի առաջատար 13 հավաքականի թվում, որոնք խաղալու են Մունդիալում: Սա պարզապես չլինելու բան է այս պահին ու մոտ ապագայում: Չի կարող մի երկրի ընտրանին լուրջ խնդիրներ լուծել, որտեղ առաջնության թիմերից շատերը, օրինակ, չունեն մարզվելու թեկուզ գեթ մեկ խաղադաշտ: Հնարավոր չէ, հասկացեք:

Հաբեթ Հարությունյան