Ալիսոնի հույսի գոլը. Պայքարը Պրեմիեր լիգայում սրվեց

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության ավարտին մնացել է երկու տուր: Չեմպիոնը հայտնի է ու վաղուց անհասանելի է մրցակիցների համար, իսկ պայքարը Չեմպիոնների լիգայի խաղարկության գոտի մտնելու համար դեռ շարունակվում է: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվում ունի 70 միավոր, երրորդ հորիզոնականում Անգլիայի նորընծա գավաթակիր «Լեսթերն» է՝ վաստակած 66 միավորով, իսկ քառյակն եզրափակում է «Չելսին»: Տոմաս Տուխելի գլխավորած թիմն երկու միավորով զիջում է «Լեսթերին», մեկ միավորով առաջ է հինգերորդ հորիզոնականում հանգրվանած «Լիվերպուլից»: Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում խաղալու հնարավորությունները դեռ չեն կորցրել նաև «Տոտենհեմն» ու «Վեստ Հեմը», որոնք ակտիվում ունեն 59-ական միավոր և չորրորդ տեղից ետ են մնում հինգ միավորով:

Հաշվետու տուրում իր համար անչափ կարևոր հաղթանակ տարավ «Լիվերպուլը»: Կլոպի սաներն արտագնա մրցավեճում մի կերպ կարողացան կոտրել Պրեմիեր լիգան լքած «Վեստ Բրոմվիչի» արգելքը: Հաղթական գոլը հյուրերը խփեցին միայն խաղի հիմնական ժամանակին ավելացված հինգերորդ րոպեին, աչքի ընկավ գրոհին միացած դարպասապահ Ալիսոն Բեկերը՝ գլխի հարվածով գրավելով մրցակցի դարպասը: Հաղթանակը թույլ տվեց «Կարմիրներին» մնալ պայքարի մեջ:

Առջևում թիմերը դեռ երկուական խաղ ունեն անցկացնելու: Շատ բան կախված է խաղացանկից: Ճիշտ է, «Լեսթերն» ու «Չելսին» այս պահին առաջ են «Լիվերպուլից», սակայն առաջիկա տուրում մրցելու են հենց միմյանց հետ, խաղը կայանալու է Լոնդոնում: Կողմերն օրեր առաջ մրցեցին նաև Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում, հաջողությունն ուղեկցեց «Աղվեսներին», որոնք իրենց պատմության մեջ առաջին անգամ հաղթեցին մրցաշարում:

«Լիվերպուլն» իր հերթին օրեր անց մրցելու է «Բյորնլիի» հետ դրսում: Չմոռանանք նաև «Տոտենհեմի» ու «Վեստ Հեմի» մասին, որոնք համապատասխանաբար խաղալու են «Աստոն Վիլայի» ու «Վեստ Բրոմվիչի» հետ: «Մանչեսթեր Յունայթեդին» երկրորդ տեղը պահելու համար կբավարարի հաղթանակը Պրեմիեր լիգան լքած «Ֆուլհեմի» հետ տնային խաղում:

Վերջին տուրում «Չելսին» հյուր է գնալու «Աստոն Վիլային», «Լեսթերն» ընդունելու է «Տոտենհեմին», «Լիվերպուլը» մրցելու է «Կրիստալ Պելասի», «Վեստ Հեմը»՝ «Սաուտհեմպտոնի» հետ:

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 36 26 5 5 76 29 83
2 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 36 20 10 6 70 42 70
3 ԼԵՍԹԵՐ 36 20 6 10 65 44 66
4 ՉԵԼՍԻ 36 18 10 8 55 33 64
5 ԼԻՎԵՐՊՈՒԼ 36 18 9 9 63 42 63
6 ՏՈՏԵՆՀԵՄ 36 17 8 11 63 41 59
7 ՎԵՍԹ ՀԵՄ 36 17 8 11 56 46 59
8 ԷՎԵՐԹՈՆ 36 16 8 12 46 43 56
9 ԱՐՍԵՆԱԼ 36 16 7 13 50 38 55
10 ԼԻԴՍ 36 16 5 15 57 53 53
11 ԱՍԹՈՆ ՎԻԼԱ 36 14 7 15 51 44 49
12 ՎՈՒԼՎԶ 36 12 9 15 35 49 45
13 ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ 36 12 8 16 40 61 44
14 ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ 36 12 7 17 47 63 43
15 ԲԵՌՆԼԻ 36 10 9 17 33 51 39
16 ՆՅՈՒՔԱՍԼ 36 10 9 17 43 62 39
17 ԲՐԱՅԹՈՆ 36 8 14 14 37 42 38
18 ՖՈՒԼՀԵՄ 36 5 12 19 26 50 27
19 ՎԵՍԹ ԲՐՈՄ 36 5 11 20 33 70 26
20 ՇԵՖԻԼԴ ՅՈՒՆԱՅԹԵԴ 36 6 2 28 19 62 20