Չեմպիոնական մրցավազքում մնացին «Ալաշկերտն» ու «Նոան»

Հայաստանի ընթացիկ առաջնության հետաձգված խաղում Երևանի «Արարատն» ընդունեց «Հանրապետականում» Երևանի «Ալաշկերտին»: Չեմպիոնական մրցավազքում մնալու համար արարատցիներին հաղթանակ էր պետք, սակայն նորընծա գավաթակիրը չկարողացավ լուծել խնդիրն ու պարտվեց: Ալաշկերտցիներն անչափ կարևոր երեք միավոր վաստակեցին ու հիմա նրանց մեկ քայլ է պակասում չեմպիոնությունից:

Չեմպիոնական մրցավազք

Դեռ անցած խաղից առաջ չեմպինության հարցը «Արարատից» էր կախված: Երկու խաղ անց պատկերը փոխվեց: Հիմա ոչ միայն նրանցից կախված չէ, այլ ընդհանրապես թիմը դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Փոխարենը Պրեմիեր լիգայում հաղթելու ամենաիրական հնարավորությունն այս պահին ունի «Ալաշկերտը»: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմին վերջին տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղում կբավարարի նույնիկ ոչ-ոքին:  Գրանցված արդյունքից հետո մրցաշարային աղյուսակում հետևյալ պատկերն է: «Ալաշկերտն» առաջին տեղում է՝ վաստակած 43 միավորով: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Նոան», որն ակտիվում ունի 41 միավոր: Երրորդ և չորրորդ տեղերը կիսում են «Արարատ-Արմենիան» ու «Ուրարտուն», իրենց ակտիվում ունեն 38-ական միավոր: «Արարատն» հինգերորդն է 37 միավորով:

Խաղացանկ

Վերջին տուրում ոչ միայն կլուծվի չեմպիոնության հարցը, այլ նաև հայտնի կդառնան այն թիմերի անունները, որոնք առաջիկայում կներկայացնեն Հայաստանն եվրագավաթներում: Առաջատար «Ալաշկերտն» ընդունելու է «Արարատ-Արմենիային»: Հատկանշական է, որ Գրիգորյանի սաները կարող են չեմպիոնությունը նվաճել գործող չեմպիոնի հետ խաղում: Չեմպիոնական մրցավազքում է նաև «Նոան», որն իր հերթին հյուրընկալելու է Չարենցավանի «Վանին»: Եվրագավաթային խաղարկությանը մասնակցելու հույսեր ունի Երևանի «Ուրարտուն»: Թիմը մրցակցի դաշտում խաղալու է «Փյունիկի» հետ: Ինչ վերաբերում է «Արարատին», ապա Բիչախչյանի սաները մրցաշրջանը կավարտեն «Շիրակի» հետ տնային խաղով:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Ալաշկերտ 23 12 7 4 24 15 43
2.  Նոա 23 12 5 6 34 18 41
3.  Արարատ-Արմենիա 23 10 8 5 32 16 38
4.  ՈՒրարտու 23 11 5 7 27 19 38
5.  Արարատ 23 10 7 6 29 16 37
6.  Վան 23 8 4 11 23 29 28
7.  Փյունիկ 23 6 7 10 20 17 25
8.  Լոռի ՖԱ 24 7 2 15 16 44 23
9.  Շիրակ 23 2 7 14 17 48 13

Հայաստանի ընթացիկ առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: Չեմպիոնական մրցավազքում մնացել են երկու թիմ՝ Երևանի «Ալաշկերտն» ու Երևանի «Նոան»: Միայն վերջին տուրից հետո պարզ կլինի, թե որ թիմերը տեղ կզբաղեցնեն եվրագավաթային զոնայում:

Եվրագավաթային նոր մրցաշրջանում Հայաստանին հատկացված է չորս տեղ. չեմպիոնը պայքարը սկսելու է Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից, իսկ գավաթակիրն ու առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած թիմերը կխաղան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում:

Երևանի «Արարատը» որպես երկրի գավաթակիր արդեն ապահովել է իր տեղը Կոնֆերենացիաների լիգայի խաղարկությունում, իսկ ահա մնացածի պարագայում դեռ ոչինչ պարզ չէ:

Հիշեցնենք, որ հայկական թիմերին տեղ հատկացված չէ Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Միակ հայկական թիմը, որը կարող է հայտնվել Եվրոպայի ակումբային հեղինակությամբ երկրորդ մրցաշարում ապագա չեմպիոնն է ու դա այն դեպքում, եթե կարողանա առնվազն մի քանի փուլ անցնել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: