Պիկեի 50-րդ գոլը, Գրիզմանի ու Կուրտուայի 100-րդ խաղը. Բենզեման զիջում է միայն Մեսսիին

Իսպանական Լա Լիգայի նոր մեկնարկած առաջնության անդրանիկ տուրում «Բարսելոնան» առաջին հանդիպումն անցկացրեց առանց Լիոնել Մեսսիի, մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ և հաղթեց 4:2 հաշվով: Խաղը տեղի ունեցավ «Նոու Կամպում»: Հյուրերի կազմում երկրորդ գոլը խփեց Միկել Օյարսաբալը՝ գրավելով տանտերերի դարպասը տուգանայինից կատարած հարվածով: Հատկանշական է, որ «Բարսայի» մարզադաշտում տուգանայինից խփված վերջին 14 գոլից 12-ն իր հաշվին է գրանցել Մեսսին:

Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարտին Բրեյթվեյթը: Վերջինս դարձավ առաջին դանիացին, որը Լա Լիգայի շրջանակներում 21-րդ դարում դառնում է դուբլի հեղինակ:

Կատալոնացիներն գոլերից երկուսը խփեցին գլխով կատարած հարվածով: Նման բան տեղի է ունենում առաջին անգամ 2018 թվականի Մադրիդի «Ռեալի» հետ խաղից հետո, ինչպես նաև առաջին անգամ սկսած 2009 թվականի «Սպորտինգ Խիխոնի» հետ խաղից հետո, երբ գլխի հարվածով երկու գոլ են խփել առաջին կեսում:

Հանդիպման հաշիվը բացեց Խերարդ Պիկեն՝ խփելով իր 50-րդ գոլը «Բարսելոնայի» կազմում: Նա դարձավ երկրորդ պաշտպանն ակումբի պատմության մեջ, որին հաջողվում է հատել նշված սահմանը Ռոնալդ Կումանից հետո՝ 88 գոլ:

«Բարսելոնայի» կազմում իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Անտուան Գրիզմանը բոլոր մրցաշարերը հաշվի առած: Այս ընթացքում նա հասցրել է խփել 35 գոլ ու կատարել 16 գոլային փոխանցում:

Ի դեպ, «Բարսան» առաջնությունը կրկին սկսեց տնային հաղթանակով: Պատմության մեջ միայն մեկ անգամ են «Կապտանռնագույններն» առաջնությունը սկսել պարտությամբ՝ խաղալով սեփական հարկի տակ: Դա տեղի է ունեցել հեռավոր 1939 թվականին:

Առաջնությունը հաղթանակով սկսեց նաև գործող չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոն»՝ մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթելով Վիգոյի «Սելտային»: Հյուրերի դարպասապահ Յան Օբլակն իր 304-րդ հանդիպումն անցկացրեց թիմի կազմում բոլոր մրցաշարերը հաշվի առած: Այս ցուցանիշով նա արդեն լավագույնն է ակումբի պատմության մեջ:

Առաջնության մեկնարկային տուրի խաղային երկրորդ օրը հաղթանակ տարավ նաև Մադրիդի «Ռեալը», խաղում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման: Ընթացիկ տարում Լա Լիգայի շրջանակներում ֆրանսիացուց շատ գոլ խփել է միայն Մեսսին՝ 23 գոլ: Բենզեման արդեն դարձել է 17 գոլի հեղինակ: «Ալավեսի» հետ արտագնա խաղը 100-րդն էր Տիբո Կուրտուայի համար Լա Լիգայում որպես «Ռեալի» դարպասապահ: Այս ընթացքում նա բաց է թողել 84 գոլ: