48 ժամ Հենոյին. Ժոզեն «նոր գործարք է առաջարկում» Մխիթարյանին

Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը Հռոմի «Ռոմայի» հետ ավարտվում է հունիսի վերջին: «Գայլերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «նոր գործարք է առաջարկում» հայ ֆուտբոլիստին, որպեսզի վերջինս մնա թիմում, չնայած պորտուգալացի մասնագետի ու Մխիթարյանի միջև եղած սառը հարաբերություններին: Այս մասին գրում են միջազգային լրատվականները, մասնավորապես բրիտանական dailymail պարբերականը: Նշվում է, որ Մխիթարյանին առաջարկել են տարեկան 3,8 միլիոն ֆունտով երկու տարվա պայմանագիր:

Երբ պարզ դարձավ, որ «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում Պաուլո Ֆոնսեկային փոխարինելու է Ժոզե Մոուրինյոն, սկսվեցին խոսակցություններն ու պնդումներն այն մասին, որ Մխիթարյանը չի մնա հռոմեական թիմում ու կհեռանա Ժոզեի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որոնք առաջացել են «Մանչեսթեր Յունայթեդում» կողմերի համատեղ աշխատանքի ժամանակ:

The Mirror պարբերականի հաղորդման համաձայն՝ Մխիթարյանին նոր գործարք է առաջարկել «Ռոման» և որոշում ընդունելու համար հայ ֆուտբոլիստն ունի 48 ժամ: